ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սևան քաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել` 54-ամյա տղամարդը ծեծելով սպանել է մորը, իսկ օրեր անց ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ ներկայացնելով։
Հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:
«Պարզվել է, որ հունիսի 14-ին՝ ժամը 16։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝ ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը։ Հարվածների հետևանքով մայրը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 22–ի գիշերը մորը ծեծելով սպանած տղամարդու կինը ոստիկանություն է ահազանգել` հայտնելով, որ նա իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն:
Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. Արմավիրում կատարված սպանության դեպքը բացահայտվել է