ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik․ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրը ՀՀ դատախազությունը ստացել է 319 հաղորդում և ահազանգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գրանցված ահազանգերն ու հաղորդումները ստացվել են մամուլի հրապարակումներից, սոցիալական ցանցերում քաղաքացիների գրառումներից, ՀՀ դատախազության թեժ գծով և այլն։
Ստացված հաղորդումներից և ահազանգերից
• 79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),
• 7-ը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),
• 89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
• 46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),
• 60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս),
• 6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
• 32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ կապ չունեցող։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում եղել են վերացական և ընդհանրական։ Դրանք էլ ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:
Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր։
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է