ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ ՔՊ–ն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։
«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,– վստահեցնում է կուսակցությունը։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` լռության օրը, ուղիղ եթեր էր մտել, կոչով դիմել ժողովրդին և արձանագրել ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցելու կարևորությունը: «Արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, քանի որ իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա: Համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»,-ասել էր նա:
Փաշինյանը նաև ներկայացրել էր, թե ընտրատեղամասում ինչ կարգով և ինչպես է իրականացվելու քվեարկությունը:
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։