ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։
«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել