ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:
«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։