ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կաշառք տալու կասկածանքով ՀՀ ոստիկանությունը Արարատի մարզի Նորամարգ գյուղի 2 բնակչի է բերման ենթարկել։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգի 2 բնակիչ, նախնական համաձայնության գալով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:
«Տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15 000-20 000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, նրանցից մեկը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է:
Ընտրակաշառքի 155 դեպք, 26 քրեական գործ, 6 կալանք. դատախազությունը տվյալներ է հայտնել
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել