ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի –Sputnik. «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Ադրբեջանի դատախազությունը, վստահեցնում է, որ երբեք անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրել։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021 թվականների ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալուստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:
«Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեական գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։ Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ»,– նշված է Դավիթ Գալստյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իր մասին, որից հետո իր նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում:
«Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում և պետական մարմինների պաշտոնական կայքերում։ Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը»,– ընդգծում է Գալստյանը։
Նրա խոսքով` այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբեջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսը արտերկրում։
Այդուհանդերձ, Գալստյանը հրապարակային հայտարարում է, որ շարունակելու է անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, իր հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքի հզորացմանը։
«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:
Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ` Դավիթ Գալստյանը մայիսի 17–ին ազատ էր արձակվել։