ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արցախի ՊԲ–ն անընդունելի է համարում քաղաքական քարոզչությունը բանակում։ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,– նշված է հայտարարության մեջ:
Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:
«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,– ընդգծում է ՊԲ–ն։
Նշվում է, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում: