ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։
Մամուլում շրջառանվող տեղեկությունների համաձայն՝ Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթարը կոծկելու համար։
Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե հանուն արդարության պետք է նշի, որ Պապիկյանը մեքենայում չի գտնվել։ Անչափահասի հայրը՝ Վահեն էլ պատմել է, որ ինքը տեղեկություն չունի՝ Սուրեն Պապիկյանը մեքենայի մեջ եղել է, թե ոչ։ Հայրն ասել է, որ իրենք տանը չեն եղել, որդին ինքնակամ վերցրել է ավտոմեքենան և վարել։ Դեպքից հետո ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ որևէ պաշտոնյա ընտանիքին չեն մոտեցել, չեն հետաքրքրվել երեխայի առողջական վիճակով։
Երեկ հայտնի դարձավ, որ երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:
Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել