ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ գնահատական է տվել ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններին:
«Լավ», - ասել Է Պուտինը՝ բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ոչ մի թշնամանք չի եղել, բայց սկզբունքներից հետ չեն կանգնել։
«Երկու կողմն էլ միմյանց հասկանալու և դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրելու ցանկություն է դրսևորել։ Խոսակցությունը շատ կառուցողական էր», - ասել է Պուտինը։
Գլխավոր արդյունքը.
- ՌԴ և ԱՄՆ դեսպանները վերադառնում են աշխատանքի։
- Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձելու են խնդիրների լուծում փնտրել։
- Գագաթնաժողովում շոշափվել է Ուկրաինայի հարցը. կարգավորման հիմքում պետք է լինեն Մինսկի համաձայնությունները, Բայդենը համաձայն է այդ հարցում։ Թռուցիկ շոշափվել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
- Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ կսկսեն կիբեռանվտանգության շուրջ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և կիբեռանվտանգությունը: Խոսել են նաև Արկտիկայում համագործակցելու մասին։
Ի դեպ, Բայդենը Պուտինի հետ բանակցություններից հետո բութ մատով նշան է արել։
Հանդիպումն առանց Ալեքսանդր Նավալնու թեմայի չի անցել։ Պուտինը կրկին հիշեցրել է, որ նա գիտակցաբար խախտել է օրենքը, և ավելացրել` Ռուսաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի ընդդիմությանը, բայց գործելու է օրենքի շրջանակում։
«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը
Լրագրողներից մեկը հարցրել է Բայդենի հայտնի արտահայտության մասին (Պուտինին մարդասպան համարո՞ւմ է, թե՞ ոչ)։ Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ նախագահը կտրուկ արտահայտություններից հետո զանգել է իրեն. Բայդենի բացատրությունները բավարարել են Պուտինին:
«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Բայդենը փորձառու մարդ է։ Մենք գրեթե երկու ժամ դեմառդեմ խոսեցինք։ Ոչ բոլոր առաջնորդների հետ է այդպես մանրամասն խոսակցություն ընթանում», - հավելել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ առայժմ ո՛չ Բայդենն է իրեն հյուր կանչել, ո՛չ էլ ինքը Բայդենին. նման այցերի համար պիտի պայմաններ հասունանան։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:
Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ