ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երկու օր առաջ Երևանի կենդանաբանական այգում ծնված եղնիկն արդեն անուն ունի։ Կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը նշել է, որ նորածին եղնիկին անվանակոչել է այցելուներից մեկը և հրապարակել է լուսանկար։
«Մեր եվրոպական եղնիկն արդեն անուն ունի՝ Մայլո։ Անունն առաջարկել էր Վիկտորյան, ով մեր ամենափոքրիկ հետևորդներից է: Իսկ այսօր նա եկել էր այգի՝ եղնիկին տեսնելու», - գրված է լուսանկարին կից։
Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար: Նշվում էր, որ եղնիկը արու է։
Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։
«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:
Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։