Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն առհասարակ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։
«Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայցևայնպես հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն»,– նշեց թուրքագետը։
Սաֆրաստյանի համոզմամբ` ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում կակտիվանա ոչ միայն Թուրքիայի միջնորդությամբ, թեև այդ երկրի գործոնը կշարունակի օգտագործել նոր քաղաքականության համատեքստում, հետևաբար երկու կողմերն էլ ունեն իրենց հաշվարկները։ Փորձելով պահպանել ընդհանուր դաշնակցային հարաբերությունները` այս երկրները կձգտեն որոշակի առավելություն ստանալ երկկողմ փոխգործակցությունից։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է
Ըստ Սաֆրաստյանի` ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, որը չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կայանալու է հունիսի 14–ին Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում։
Նշենք, որ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվելու են Վաշինգտոնի և Անկարայի միջև էական տարաձայնությունները Սիրիայի, Աֆղանստանի հարցերի ու այլ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ։