ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Բրիտանացի գիտնականները վերլուծել են երկուսուկես միլիոն շոտլանդացիների ինքնազգացողության մասին տվյալները, որոնք կորոնավիրուսի դեմ AstraZeneca կամ Pfizer/BioNTech պատվաստանյութերի առաջին չափաբաժինն են ստացել և խոստովանել են առաջին դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների առկայության մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:
AstraZeneca ստացած որոշ բուժառուների մոտ նկատվել են արյան մակարդելիության թույլ խանգարումներ և դրա հետ կապված արյունահոսություն։ Ավելի հազվադեպ եղել է հակառակ ազդեցությունը՝ բարձր թրոմբագոյացում։ Ընդ որում, Pfizer դեղամիջոցի մոտ նման կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել։
Մասնագետներն արձանագրել են, որ AatraZeneca-ով պատվաստվածների մոտ արյան մակարդելիության խանգարումների հետ կապված կողմնակի ազդեցությունների հաճախականությունը կազմում է 1.13 դեպք 100 հազար մարդու հաշվարկով։ Ամենամեծ ռիսկը դիտարկվել է տարեց կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։
Միաժամանակ Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ երկու պատվաստանյութերն էլ ընդհանուր առմամբ լավ են տանում։
Հեղինակները կարծում են, որ AatraZeneca-ի հետ կապված ռիսկերը շատ փոքր են և համեմատելի են այլ պատվաստանյութերի (ընդդեմ հեպատիտ B-ի, ծաղկի, համաճարակային պարոտիտի, կարմրախտի, գրիպի) ռիսկերի հետ։
Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում
Մայիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի գիտնականները նախազգուշացրել էին COVID-19-ի դեմ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի խառնումից հետո ավելի շատ կողմնակի ազդեցությունների առաջացման հնարավորության մասին: Պարզվել է, որ պատվաստանյութից առաջացող թեթև և չափավոր ռեակցիաները, ինչպիսիք են հոգնածությունը և գլխացավը, շատ ավելի հաճախ են նկատվել, երբ երկու տարբեր պատվաստանյութեր են ներարկվել, քան այն ժամանակ, երբ մարդը երկու անգամ պատվաստվել է միևնույն պատվաստանյութով։