ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը: Իտալիայի հավաքականը խոշորՙ 3:0 հաշվով հաղթանակի հասավ մրցաշարի անդրանիկ խաղում:
Եվրոպայի առաջնության մեկ տարով հետաձգումը անկասկած մեծ հարված էր ֆուտբոլին: 2020 թվականին` հետաձգման պահին, ոչ ոք չէր էլ կարող ասել, որ մեկ տարի անց մրցաշարը կանցկացվի, որովհետև կորոնավիրուսի համաճարակը ուղղակի հնարավորություն չէր տալիս ապագայի մասին լավատեսորեն մտածել: 2021 թվականին համաճարակի հերթական ալիքը նորից վտանգի տակ դրեց Եվրոպայի առաջնության մեկնարկը: Փոխվեցին առաջնությունն ընդունող մի քանի քաղաքներ, բայց ՈւԵՖԱ-ն ի վերջո որոշեց անցկացնել Եվրոպայի առաջնությունը Եվրոպական 11 քաղաքներում:
Բացման խաղը Ռոբերտո Մանչինի թիմը խաղաց սեփական հարկի տակ, որովհետև Եվրո-2020-ին մեկնարկային հանդիպումը որոշված էր անցկացնել Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում:
Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները
Իտալացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, և երկրորդ խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկելով Թուրքիայի հավաքականի դարպասը, հաստատեցին խմբում ֆավորիտի իրենց կարգավիճակը:
Նույն խմբում Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները մեկական գնդակ փոխանակեցին ու մեկական միավոր վաստակեցին: Հետևաբար, պայքարն այս խմբում երկրորդ ուղեգրի համար դեռևս առջևում է:
Խմբային փուլի հանդիպումները կայանալու են ամեն օր` մինչև հունիսի 23-ը: Յուրաքանչյուր խմբում վերջին տուրի հանդիպումները կայանալու են միաժամանակ: Իսկ հետո 1/8 եզրափակիչի ուղեգիր են ստանալու խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած, ինչպես նաև համեմատաբար լավ արդյունք ցույց տված վեց խմբերից չորսում երրորդ տեղ զբաղեցրած հավաքականները:
«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին
Շատերը Եվրո-2020-ի ֆավորիտ համարում են ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին: Բայց ֆրանսիացիները պետք է նախ հաղթահարեն «մահվան խումբը», որտեղ մրցելու են Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների հետ:
Մի խոսքով` Եվրո-2020-ը մեկնարկեց, Եվրոպայի առաջնությունը մեկ ամիս ֆուտբոլային գեղեցիկ ու լարված, հետաքրքիր ու դրամատիկ ֆուտբոլային ներկայացումներ է պարգևելու ֆուտբոլասերներին: Բարի երթ, Եվրո-2020:
Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»