ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը` որոշ մանրամասներ ներկայացնելով Խլղաթյանի ձերբակալության վերաբերյալ։
Դատախազության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։
Հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Գ. Պ.-ի` Ջանֆիդա գյուղում գտնվող տանը ոստիկանության ծառայողները բռնել են տան տիրոջն ու Խլղաթյանին` 9.000.000 ՀՀ դրամ գումարի փոխանցման պահին։
Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք իրենց ձեռքում գտնվող պոլիէթիլենային տոպրակով գումարը նետել են տան բակ, որտեղ այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ և վերցվել։
Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությանը:
Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ:
Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության մասին Facebook–ի իր էջում հայտնել էր Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի
Նա նշել էր, որ այդ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ, ամբողջը շինծու և ապօրինի է, նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։
Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափությունը դատական կարգով բողոքարկելու համար պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։