ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի այն հայտարարությունը, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։
«Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։ Հետաքննությունը շարունակվում է։
Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին
Հիշեցնենք` երեկ «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ արդեն մի քանի ահազանգ է ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին:
Նրա խոսքով`Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները