ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Տարածված տեսակետը, թե ռուս խաղաղապահները 5 տարի հետո հեռանալու են Արցախից, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի համոզմամբ` սխալ պատկերացման հետևանք է։
Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում` մեջբերելով եռակողմ հայտարարության համապատասխան հոդվածը, որտեղ նշված է, որ առաջին 5 տարին լրանալուց հետո խաղաղապահների ներկայությունը կարող է երկարացվել մի քանի անգամ ` դարձյալ 5-ամյա ժամկետներով, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրության դադարեցման մտադրության մասին։
«Ինչո՞ւ եք պանիկա գցում, որ ռուսները 5 տարի հետո հեռանալու են։ Բա ինչո՞ւ են եկել։ Էդպես թեթև թողնում, թևերը թափ տալիս, գնո՞ւմ են։ Գրված է պայմանագրում։ Վերջ»,– ասաց Տեր–Պետրոսյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` ՀՀ առաջին նախագահը նշեց, որ դրանք հաստատված են հրաշալի իրավաքաղաքական հիմքի վրա. խոսքը 1997-ին կնքված «Բարեկամության և անվտանգության» համատեղ պայմանագրի մասին է։ Նրա խոսքով` եթե դա չլիներ, ավելի շուտ կպարտվեինք պատերազմում և «Նիկոլի բախտը կբերեր, նրա գլխին չէր ջարդվի այս ամենը»։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են