Արթուր Վարդանյանի փոխանցմամբ` իրենց քարոզարշավն ընթանում է ըստ ծրագրվածի` արվում են նախատեսված քայլերը, կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիների հետ, որոնց ժամանակ կուսակցության ներկայացուցիչները հաղորդակից են լինում մարդկանց հուզող խնդիրներին։ Այսօրվանից կսկսեն նաև մարզային այցերը, որոնց վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներին պարբերաբար կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Նախատեսված են նաև հարցազրույցներ ու մամուլի ասուլիսներ։
«Ունենք ութ կարևոր ծրագրային դրույթ, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Դրանք են անվտանգությունը, արդարությունը, Հայաստանից տարհանված դրամական միջոցների հետվերադարձը, արցախյան պատերազմում զոհվածների և նրանց ընտանիքների բոլոր վարկատեսակների բացարձակ համաներումը, առողջապահության 100 տոկոսանոց ապահովագրումը, արժանապատիվ աշխատանքն ու վարձատրությունը, հայից խլված արժանապատվության վերադարձը, տնտեսության կայուն ներդրումային հարթակի ստեղծումը։ Մեր ծրագիրը բնականաբար ավելի լայնածավալ է»,– նշեց ՀԱՊ կուսակցության նախագահը։
Վարդանյանի կարծիքով` կոնկրետ տարհանված ֆինանսական միջոցների հետվերադարձը կարող է իրականացվել տարբեր մեթոդներով և ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, մարդիկ պետք է տեսնեն, որ թալանված գումարները, որոնց մասին խոսում են տարիներ շարունակ, պետք է վերադարձվեն պետբյուջե։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդն, ըստ Վարդանյանի, վստահություն ձեռք բերի ի դեմս պետության։
«Ժողովրդին խոստացան, որ պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվի, սակայն նման բան տեղի չունեցավ։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ նախկինները սու՞րբ են եղել։ Մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ սփյուռք հիասթափված է, նույնիսկ զզված է մեր ներքաղաքական դաշտից։ Ինձ, որպես շարքային քաղաքացու, խորապես հիասթափեցնում է ներքաղաքական իրավիճակը։ Հնչում են խոստումներ, ներկայացվում գեղեցիկ ծրագրեր, առանձին մասնագետներ ստանում են հազարավոր դոլարներ, որպեսզի գրեն նման ծրագրեր, բայց իրականում անցած երեսուն տարիների ընթացքում ոչ մի լուրջ ծրագիր չի իրականացվել»,– ասաց ՀԱՊ կուսակցության նախագահը։
«Լավ, էդ մարդն ինչի՞ համար արեց դա». Փաշինյանը` Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին
Վարդանյանի մոտ նողկանքի զգացում է առաջացնում այն իրողությունը, որ քարոզարշավի ընթացքում որոշ ուժեր միմյանց վրա ցեխ են շպրտում` իրատեսական ծրագրեր ներկայացնելու փոխարեն, ինչից տուժում են միայն ժողովուրդն ու պետականությունը։ Ըստ նրա` ՀԱՊ կուսակցության պոտենցիալ ընտրողները ներքաղաքական զարգացումներից հիասթափված մարդիկ են, որոնք կազմում են ընտրազանգվածի 60-70 տոկոսը և ցանկանում են ասպարեզում տեսնել նոր ուժերի, որոնք մաքուր են և առկա խնդիրների համար առաջարկում են իրատեսական լուծումներ։
Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։