ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի -Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում հայկական դրամով պարտատոմսեր կթողարկի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելքիկյանը։ Տարեվերջին թողարկվելիք պարտատոմսերը բանկի համար առաջինը կլինեն Հայաստանում:
Նա հիշեցրեց, որ ԵԱԶԲ-ի նպատակներից մեկը մասնակից երկրների շուկաներում ազգային արժույթներով (ոչ միայն ռուբլով) մատչելի միջոցներ ստեղծելն է:
Հաշվի առնելով, որ Եվրասիական բանկն ունի բարձր վարկային վարկանիշ (ըստ Fitch-BBB + դասակարգման՝ մի քանի կետով բարձր է Հայաստանի սուվերեն վարկանիշից), ֆինանսական ընկերությունները կարող են ձեռք բերել ռիսկային ցածր գործակից ունեցող դրամով ակտիվներ (իսկ դա թույլ է տալիս ակտիվներում ավելի քիչ միջոցներ պահել):
ԵԱԶԲ–ի նոր նախաձեռնության շնորհիվ ծախսերը կթեթևանան, գործարքները կլինեն ավելի արագ
Պարտատոմսերի հետագա գնման շուրջ բանակցություններ են ընթանում ոչ միայն բանկերի, այլև կենսաթոշակային հիմնադրամների հետ: Քանի որ կենսաթոշակային հաշիվների գումարներն աճում են, հիմնադրամները հետաքրքրություն են ցուցաբերում նոր ակտիվներում, (այդ թվում՝ Հայաստանում) ներդրումների նկատմամբ (բացի այդ, Կենտրոնական բանկի կանոններով՝ ներդրումների մի մասն անպայման պետք է իրականացվի տեղական ակտիվներում)։
Այժմ հայկական ոչ պետական պարտատոմսերում տեղաբաշխված է մոտ 60 մլն դոլար կամ միջոցների 8%-ը սեփական կառավարման ներքո (պետական պարտատոմսերում՝ 30%):
«Թողարկման ծավալը կախված կլինի պահանջարկից, բայց ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք այն ամբողջությամբ բավարարելուն», - ավելացրեց Մելքիկյանը:
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ն ազգային արժույթներով բանկերին նաև թղթակցային հաշիվներ է տրամադրում: Դա հեշտացնում է ԵԱՏՄ երկրների առևտուրը միմյանց հետ։ Հայկական բիզնեսն արդեն այդ հաշիվներով գումար է փոխանցում ու ստանում, ընդ որում՝ ոչ միայն ռուսական ռուբլով, այլև (թեև փոքր ծավալներով) բանկի անդամ երկրների այլ արժույթներով:
ԵԱԶԲ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում