Ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Կութ գյուղի արոտավայրից հափշտակած 80 խոշոր եղջերավոր անասունները։ Գեղարքունիքի մարզպետարանը, ՄԻՊ-ը, ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու բանակային կորպուսը ադրբեջանցիների հետ բանակցում են, որ կենդանիներին վերադարձնեն գյուղացիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Բոլորն էլ հետաքրքրվում են, բայց ոչ մեկից դեռ պատասխան չկա։ Մարզպետարանը, ՄԻՊ-ը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, զինվորական կորպուսը իրենք են գալիս-գնում»,- ասաց նա։
Ադրբեջանցիները 5 տան ապրուստ են գողացել` գյուղացիական տնտեսություններին պատճառելով միլիոնավոր դրամի վնաս։ Դեպքից 3 օր է անցել։ Կհաջողվի՞ անասուններին վերադարձնել, թե ոչ, Չիտչյանը ոչինչ չի կարող ասել։ Ասում է` ամեն օր լուսացնում են բարի լուր ստանալու սպասումով։
«Առավոտից իրիկուն բոլորս էլ անհամբեր սպասում ենք։ 80 կովը քի՞չ է։ 17-ը մի տնտեսությանն է, Էն մեկինն էլ 34 գլուխ է, մեկինը` 3, մյուսինը` 7 գլուխ։ Գյուղացու համար 3 գլուխն էլ է շատ, տան ապրուստի միջոցն է»,- նշեց Չիտչյանը։
Հիշեցնենք` հունիսի 5-ին հայտնի Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել էին հայ հովվի ուղղությամբ։
Հովիվը փորձել էր նախիրը արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել է նրա ուղղությամբ։
Հովիվը չէր տուժել, իսկ թշնամին տարել էր անասուններին։