ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակաշառք չի բաժանել և չի բաժանելու։ Լրագրողների հետ զրույցում այսօր` հունիսի 7–ին, նման հայտարարություն արեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։
Նա մեկնաբանեց համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երկու կանայք հերթով թակում են շենքի բնակարանների դռներն ու առաջարկում են տան բնակիչներին քվեարկել ԲՀԿ-ի օգտին։ Կանանցից մեկի հետ զրույցում (հենց այդ կինն էլ գաղտնի տեսանկարահանում է) նրանք հայտարարում են, որ ԲՀԿ-ն երեք ամսվա ընթացքում մինչև երեք միլիոն դրամի վարկեր է մարում, հետաքրքրվում են` արդյո՞ք տանը ուսանող, թոշակառու կամ գործազուրկներ ունեն։
Տոնոյանը հայտարարեց, որ կանայք տեսանյութում ընդամենը ներկայացնում են կուսակցության նախընտրական ծրագիրը և ամոթալի ոչինչ չեն արել։ Նրանք փորձել են պարզել, թե ծրագրի որ կետը կհետաքրքրի կլինի տան բնակիչներին՝ այն ավելի մանրամասն ներկայացնելու համար։
Տոնոյանի խոսքով`տեսանյութում ոչ մի խոսք չկա կաշառքի մասին, հետևաբար դա սադրանք է և փորձ` վարկաբեկելու կուսակցությանը։
«Սա բացահայտ և էժանագին սադրանք է, և ես կցանկանայի, որ նույն էնտուզիազմով ու ջանասիրությամբ լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը հայտնեին, որ վարչապետի պաշտոնակատարը բացահայտ խախտում է օրենքը և քարոզչություն է իրականացնում», - նշեց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն:
Տոնոյանը քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ մանիպուլյացիայի կեղտոտ մեթոդներից։
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ–ն բացառում է Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, իսկ այլ ուժերի հետ համագործակցության հնարավորությունը դեռ չեն քննարկել, քանի որ գնում են ընտրությունների` հաղթելու և իշխանություն ստանալու համար:
Տոնոյանն ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է քարոզարշավ իրականացնելու և բոլոր մարզերում հանդիպելու է ժողովրդի հետ։
«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ