ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ռուսաստանի և Գերմանիայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի հետ հեռախոսային խոսակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանն ու անցյալ տարի աշնանը երկու երկրների միջև հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը:
Լե Դրիանը նաև հիշեցրել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` շարունակելու այդ նպատակով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որում ներառված է նաև ԱՄՆ-ը:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։