ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 6-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցված սուրբ պատարագով ավարտվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 4-օրյա այցն Արցախ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագին ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու և Բակո Սահակյանը։
Պատարագի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն` Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի ապահով և բարօր կյանքի համար։
«Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին»,– մասնավորապես ասել է Կաթողիկոսը` հավելելով, որ Արցախը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է, որն անկախ բոլոր խոչընդոտներից, շարունակելու է ապրել ու զորանալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք է բարձրացրել Արցախյան պատերազմում զոհված զինվորների համար՝ մխիթարություն հայցելով զոհերի հարազատների, նրանց սրտերի ու հոգիների համար, ինչպես նաև շուտափույթ վերադարձ մաղթել գերիներին և անհայտ կորածներին։
Ամենայն Հայոց Հայրապետն Արցախից իր գնահատանքն ու շնորհակալությունն է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խաղաղության հաստատման ջանքերի համար, նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին, մասնավորապես` Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում ներդրած ջանքերի համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով է անդրադարձել նաև Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը։