ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Առաջիկա օրերին նոր հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Այս մասին այսօր Արարատի մարզի Գեղանիստ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ներկաներից մեկի` արցախյան պատերազմում հնարավոր դավաճաններին բացահայտելու ու պատժելու մասին հարցին։
«Որքան ինձ զեկուցել են, խոսքը ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին, որը պարզվում է` պատերազմի ընթացքում, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման մասին ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ ԱԱԾ–ն տվյալ անձին արդեն ձերբակալել է։ Փաշինյանը շեշտեց, որ գիտի նրա անուն–ազգանունը, նրա ղեկավարած կամավորական ջոկատի անունը, բայց չցանկացավ հրապարակել պաշտոնական հաղորդագրությունից առաջ։
ՀՀ քաղաքացին օգնել է թուրքերին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` պատերազմի ընթացքում դավաճանություն կատարածների բացահայտման ընթացքում պետք է թույլ չտալ, որ թացը չորի հետ խառնվի։
«Պատերազմի ընթացքում եղել են տեսարաններ, որ ես չեմ կարողանում մինչև էսօր մոռանալ. ամբողջական զորամաս` զենք–զինամթերքով լիքը, լիքը պահեստներով ու ամբողջությամբ լքված։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ստանանք»,– ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ այդ հարցերի հետևից պետք է գնալ ոչ էմոցիոնալ վիճակում։
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները