ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիները խնդրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում։
Արցախի նախագահի նախկին օգնական Բորիս Ավագյանը ևս ներկա է ակցիային։ Նրա խոսքով` իրենք որոշել են հավաքվել դեսպանատան մոտ, քանի որ այսօր Մոսկվայում պետք է եռակողմ բանակցություններ անցկացվեն հայ գերիների հարցով:
Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի կողմից որպես բանակցող ուղարկել են գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, որը «անլուրջ է ընկալվում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բաքվում»:
Նրա խոսքով` այսօր բոլոր պատկան մարմինները գերիների հարցով իրենց վրայից գցում են պատասխանատվությունը և ծնողներին ուղարկում են Ռուսաստանի դեսպանատուն կամ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման:
«Հայաստանի պետական ինստիտուտները ոչնչացված են, ոչ մի օգնություն չեն ցուցաբերում անհայտ կորածների որոնման և գերիների վերադարձի հարցում։ Մեր խնդրանքն է Ռուսաստանի ղեկավարությանը՝ այս դժվարին պահին օգնություն ցուցաբերել և Ադրբեջանից պահանջել հրապարակել բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական ցուցակները», - նշեց նա։
«Ուժ չի գործադրվելու»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ գերիներին վերադարձնելու մասին
Նրա խոսքով ՝ չկա որևէ կազմակերպություն, որը կարող է ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին ։ Ավելին, ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևից հետո ադրբեջանական կողմը գերի է վերցրել ևս վեց հայի, ընդ որում ՝ արդեն Հայաստանի տարածքում։ Ռազմագերիների ծնողների, այդ թվում վերջերս գերեվարված վեց զինծառայողների անունից Ավագյանը կոչ արեց Ռուսաստանի ղեկավարությանը օգնել նրանց վերադարձնել: