ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը դասընթացներ և ուսումնավարժանքներ է անցկացնում` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանն արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում ու տարահանում։ Վարչության աշխատանքային խմբի կողմից դպրոցում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Իսկ Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի, Մովսեսի, Նավուրի, Չորաթանի միջնակարգ և հիմնական դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ:
Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Հատուկ տակտիկական վարժանքներ, ազդարարում, տարահանում, պատսպարում են կազմակերպվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում:
Ուսումնավարժանքների ավարտին գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները, և դրանց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ:
Օդային տագնապ, բնակչության պատսպարման կազմակերպում. Նոր կյանքում «արտակարգ» իրավիճակ է