ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
Milliyetçi Hareket Partisi Şuşa’ya yaptıracağı okul projesinden bu gelişmeler dolayısıyla vazgeçmiştir. Okul yapımına destek veren kardeşlerimizden yardım ve bağış adı altında toplanan paralar da gecikmeksizin ve aynısıyla iade edilecektir.
— Devlet Bahçeli (@dbdevletbahceli) May 29, 2021
Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ Թուրք ազգայնականները հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։
Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։
Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։
Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:
Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար:
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար