ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտաքին գործերի նախարարի մնալը խայտառակություն է։ Դա նույնն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը։ Facebook–ի ուղիղ եթերում այսօր` մայիսի 29–ին, նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք»,- ասաց Մարուքյանը։
Նա բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորեց հրաժարականներ չներկայացնել այժմ՝ վերջին պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։
«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի՛ տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի, չկարողանա այդ բացերը և կորուստները լրացնել»,- ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։
Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։