ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈւ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։
«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին»,– նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հրապարակած հայտարարության մեջ։
Եկեղեցին շեշտում է` վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։
Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: