ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է իսպանական «Կադիս»: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ՀՀՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ իսպանական Լա լիգայի ակումբ տեղափոխվելու հարցում մեծ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ներդրումը։
«Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։ Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում»,-ասել է Հարոյանը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ շատ ուրախ է «Կադիսի» մասնիկը դառնալու համար։
«Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»,-ասել է ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը։
Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, լեգենդար ֆուտբոլիստ Իեռոն Հայաստանում է
Հավաքականի կազմում Վարազդատ Հարոյանը մասնակցել է 55 հանդիպման, խփել է 2 գոլ։
Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը ելույթ կունենա իսպանական Լա լիգայում: