ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ուղղությամբ հնչած կրակոցների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Լևոն Առաքելյանը` վստահեցնելով, որ նման դեպքեր չեն արձանագրվել, կյանքը ներքին Կարմիրաղբյուրում ընթանում է իր բնականոն հունով:
«Ինձ պարզապես զարմացնում է` ինչու է նման խուճապ տարածվում։ Վաղ առավոտից ինձ անընդհատ զանգում են, մինչդեռ ամեն ինչ նորմալ է։ Հենց այս պահին մեր գյուղում մասնակցում ենք արարողության։ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ մեզ մոտ կառուցվել է յոթ տուն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար, հիմա բացումն ենք անում»,– ասաց նա։
Առաքելյանի խոսքով` Հայաստանի պետական սահմանին առկա լարվածության առթիվ տավուշցիների մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը, մարդիկ անհանգստացած են, թեև շարունակում են բնականոն հունով իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները։ Անդրադառնալով համացանցում վերջերս շրջանառված այն տեղեկությանը, որ Տավուշի մարզի սահմանամերձ հինգ գյուղեր կարող են անցնել Ադրբեջանի ենթակայության տակ, Լևոն Առաքելյանն ընդգծեց, որ իրենք տարածքներ չունեն հանձնելու և դեռ ավելին, իրենց պետք է տարածքներ տան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: