ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես հայտարարվել էր, գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ցուցակի առաջին տասնյակում են նաև Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Դավիթ Սիմոնյանը, Կարապետ Գուլոյանը, Շաքե Իսայանը, Քաջիկ Գևորգյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը և Հրանտ Դավթյանը:
Կուսակցության ցուցակում չի լինի ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, սակայն պատճառը ԲՀԿ գործընկերների հետ գժտությունը չէ։
«Սերնդափոխությունը, թարմ արյունը քաղաքականության մեջ տրամաբանական գործընթաց է, և մենք կուսակցությունում հետևում ենք դրան։ Ցուցակում չընդգրկված գործընկերների մասով խնդրում ենք ինտրիգներ չփնտրել, որ նրանց հետ այլ ձևաչափերով համագործակցություն կլինի», - ասել է Աբովյանը։
Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն չի դիտարկում որևէ ուժ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։
Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 անունը