ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին չի ներառվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ՔՊ–ի ցուցակին։
«Լուրերը ճիշտ են, Տիգրան Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում։ Դա իր անձնական որոշումն է, հավելյալ մեկնաբանությունների համար դիմեք նրան։ Ցուցակում չի լինի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. կարծում եմ` դա էլ իր անձնական որոշումն է»,–ասաց Մակունցը։
Ինչ վերաբերում է Մակունցի և Տիգրան Ավինյանի դեսպան նշանակվելու լուրերին`խմբակցության ղեկավարը նշեց, որ Ավինյանի մասով որևէ տեղեկություն չունի, իսկ իր դեպքում արդեն ԱՄՆ-ից հաստատումը կա, սակայն որոշումը կկայացվի ընտրություններից հետո։
Մակունցն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի, Արտակ Մանուկյանի` այսօր տարածած հայտարարություններին, որտեղ նշվում էր, որ ընտրություններին չեն ներառվելու ՔՊ–ի ցուցակում։ Մակունցը նշեց` հարգում է նրանց որոշումը։
Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
«Նրանք մեր շատ արժեքավոր, լավ գործընկերներն են, չգիտեմ` հետագայում ինչպես կլինի, սակայն այժմ նրանք մեր թիմի անդամն են»,–ասաց Մակունցը` հավելելով, որ այլ իմքայլականներ նույնպես չեն լինի իրենց ցուցակում։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։