ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Քոչարյանը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահին տեղյակ չէ, հաջորդ պահին տեղյակ կլինի»,– ասաց նա` ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժի անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ մի փաստաթղթից, որով, ըստ տարածված լուրերի, Ադրբեջանին է հանձնվելու Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ։
Քոչարյանը փաստաթղթի ու Փաշինյանի մտադրության մասին տեղեկացել է այսօր կառավարության նիստի ուղիղ եթերից` ՀՀ այլ շարքային քաղաքացիների հետ միասին։
«Դա փաստաթուղթ չէ, դա առաջարկ է։ Վարչապետը խոսել է այն մասին, որ նման առաջարկ կա»,– ասաց նա` լրագրողներին վստահեցնելով, որ նրանք ևս առաջիկայում հնարավորություն կունենան ծանոթանալու դրա բովանդակությանը։
«Քննարկումներ կլինեն, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել
Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։