ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը: Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:
«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական ապահովման հրատապ հասանելիության անհրաժեշտությունը, նրանք նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը», - նշել է դիվանագետը:
Պետդեպարտամենտը նշում է, որ Բլինկենն ու Լավրովը նաև քննարկել են թեմաներ, որոնց շուրջ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար։
Դրանց թվում են ռազմավարական կայունությունը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպումը, Աֆղանստանը։
«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են հետագայում շարունակել քննարկումները»,– ավելացրել են Պետդեպարտամենտում:
Լավրովը հայտարարել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկույցները կներկայացվեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին: Նա ավելացրել է, որ առաջնորդները կորոշեն երկկողմ հարաբերությունները շտկելու հետագա ուղիները։
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ