ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աղմուկ հանած ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին»,–ասացին նախագահականից:
Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։