ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները նախօրեին Հայաստանի խնդրանքով քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը։
«Նշեմ նաև, որ մենք երեկ սկսել ենք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական աշխատանքները»,-ասել է Լավրովը Դուշանբեում իր տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդին Մուհրիդինի հետ տված մամուլի ասուլիսում։
«Ու երեկ երեկոյան կայացած հանդիպման արդյունքում մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների դիմումը։ Դրան համապատասխան քննարկել ենք Երևանի ու Բաքվի հարաբերությունները»,-հավելել է ՌԴ արտգործնախարարը։
Նա տեղեկացրել է, որ կողմերի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ Ռուսաստանն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանագծման ու սահմանազատման հարցում՝ դրա համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելով, որտեղ Մոսկվան կարող է հանդես գալ խորհրդատուի կամ միջնորդի դերում։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Դրանք շարունակվելու են այսօր՝ մայիսի 19-ին։
ՀՀ ՊՆ-ն մայիսի 18-ին հայտարարել է, որ ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։