Ռեյկյավիկում կայանալու է Սերգեյ Լավրովի ու Էնթոնի Բլինկենի հանդիպումը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պետք է պարզեն՝ որտեղ են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերն այնուամենայնիվ համընկնում։ Հաշվի առնելով փոխադարձ պահանջների առատությունը՝ սա բարդ խնդիր է։ ՌԻԱ Նովոստին փորձել է հասկանալ՝ ինչ են նրանք քննարկելու Իսլանդիայում։
Քսենյա Մելնիկովա, ՌԻԱ Նովոստի
Երեսունհինգ տարի անց
«Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ ազդում է ռազմավարական կայունության վրա՝ միջուկային և ոչ միջուկային զենքը, հարձակողական և պաշտպանական սպառազինությունը, պետք է բանակցությունների սեղանին լինի։ Ամերիկացիները գիտեն մեր մոտեցումը»,- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից մի քանի օր առաջ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հույս ունի, որ ամերիկացի գործընկերոջ հետ «պրոֆեսիոնալ խոսակցություն» կունենա, որը կարող է «հստակեցնել ԱՄՆ-ի կոնկրետ մտադրությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ու միջազգային խնդիրների շուրջ նրանց դիրքորոշման վերաբերյալ, այն խնդիրների, որոնք այսպես թե այնպես առնչվում են ռուսական շահերին»:
Լավրովի խոսքով՝ նա Պետդեպարտամենտի ղեկավարի հետ կքննարկի «միջազգային կյանքի այն ասպեկտները, որտեղ երկու երկրների շահերը կարող են համընկնել ու որտեղ մենք կկարողանանք իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա շահերի հավասարակշռություն փնտրել»:
Առաջին անգամ Լավրովը Բլինկենի հետ կհանդիպի մայիսի 19-ին՝ Արկտիկական խորհրդի նիստում, որը տեղի կունենա Իսլանդիայի մայրաքաղաքում: Չի բացառվում, որ միջոցառման կուլիսներում դիվանագետները երկկողմ հանդիպում ունենան։
Վաշինգտոնն ու Մոսկվան միմյանց նկատմամբ բազմաթիվ պահանջներ ունեն։ Կողմերը հարաբերությունների ստորին կետին հասան, երբ նոր-նոր Սպիտակ տուն տեղափոխված Ջոզեֆ Բայդենը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում: Մոսկվան խորհրդակցությունների համար հետ կանչեց դեսպան Անատոլի Անտոնովին։ Եվ նա հազիվ թե շուտով Վաշինգտոն վերադառնա։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Այնուհետև ԱՄՆ-ից 10 ռուս դիվանագետների արտաքսեցին։ Վաշինգտոնը Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ մտցրեց։ Վերացավ նաև կողմերին միավորող վերջին համաձայնագրերից մեկը՝ Բաց երկնքի մասին պայմանագիրը։
Հանդիպման հույսերն ու շփման կետերը
Բայց փոխգործակցության հույսեր կան։ Պուտինի ու Բայդենի հանդիպման նախաշեմին դրանք գնալով շատանում են։ Հանդիպումը տեղի կունենա ամերիկյան կողմի առաջարկով: Գագաթաժողովը, հավանաբար, կկազմակերպեն եվրոպական մայրաքաղաքներից մեկում հունիսի կեսերին, թեև ո՛չ օրը, ո՛չ տեղը դեռ որոշված չէ:
Ամերիկյան նոր վարչակազմը փորձում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մի կողմից պետք է ընտրողներին ցույց տալ Մոսկվային պատժելու վճռականությունը, մյուս կողմից՝ չի կարելի վերջնական խզում թույլ տալ։
«Մենք պետք է շատ լրջորեն ընդլայնենք փոխգործակցության ոլորտը, քանի որ անվտանգության ու սպառազինության նեղ ուղղվածությունը մեզ փակուղի է հասցրել։ Կան գլոբալ խնդիրներ, որոնք պետք է փոխգործակցության դաշտ լինեն. դա և՛ համավարակն է, և՛ կլիման, և՛ միջազգային ահաբեկչությունը։ Կիբեռանվտանգությունը նույնպես պետք է համատեղ կարգավորել, ոչ թե մեղադրել միմյանց դեռևս գոյություն չունեցող կանոնների խախտման մեջ։ Դրան գումարած՝ տարածաշրջանային հակամարտությունները»,- ասում է ՌԳԱ Հյուսիսամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վիկտորյա Ժուրավլյովան։
Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը եթե չեն համընկնում, ապա հաստատ հատվում են տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում: Նա ակնկալում է, որ Լավրովն ու Բլինկենը կքննարկեն այս տարվա սեպտեմբերին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
ՌԳԱ Հյուսիսամերիկյան հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Իլյա Կրամնիկը հիշեցնում է, որ միջուկային զսպման ու ռազմավարական կայունության պահպանման ուղղությամբ շփումները շարունակվում են։
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են
Բացի այդ, Ռուսաստանը առաջիկա երկու տարում պաշտոնապես Արկտիկական խորհրդի նախագահ կդառնա։ Իսկ այս ոլորտում ամերիկացիների հետ երկխոսությունը, չնայած տեխնիկական հարցերի շուրջ վեճերին, այնուամենայնիվ ընթանում է առանց ընդհատումների։