ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն խոր մտահոգություն է հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- Twitter–ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը:
1/2 We are concerned by reports of rising tensions between Armenia and Azerbaijan with reports of an incursion into Armenian territory.
— Marc Garneau (@MarcGarneau) May 14, 2021
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։