ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Իրանը ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով», - ասված է Հաթիբզադեի հաղորդագրության մեջ:
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծված խնդիրը հարթելու հարցում`կողմերին կոչ անելով զերծ մնալ լարվածության խորացումից և հարգել միմյանց սահմանները:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։