Վարդան Այվազյանի խոսքով` Սահմանադրությամբ արգելված չէ ռազմական դրության սահմանումը նույնիսկ այն դեպքում, երբ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, որովհետև ռազմական դրությունը նույն արտակարգ իրավիճակն է, նույն պայմաններն են, որոնք կախված չեն պետական իշխանություններից կամ ժողովրդից, և ռազմական դրությունն, ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է։
«Ուղղակի անհրաժեշտ է այլ տեսակետից քննարկել խնդիրը, թե արդյո՞ք գործող իշխանությունն այս դրսևորումներն արհեստական կերպով չի բեմականացնում որպես թատերական ներկայացում, որպեսզի հիմք ստեղծի ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու, անորոշ ժամանակով հետաձգելու համար։ Ավելի ճիշտ կլինի խնդրին նայել այս տեսանկյունից, քան իրավականության դիրքից, իսկ ռազմական դրության սահմանման համար առհասարակ որևէ ակտով սահմանափակում չկա»,– նշեց իրավագետը։
Այվազյանի փոխանցմամբ` ռազմական դրություն հայտարարում է կառավարությունը, իսկ հետո իրավունքի ուժով Ազգային ժողովն անհապաղ 24 ժամվա ընթացքում հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ կա՛մ հաստատում, կա՛մ վերացնում է ռազմական դրության ռեժիմը։
Ըստ նրա`թեև ԱԺ–ն լուծարված է, այդուհանդերձ, շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի առաջին նիստի օրը։
Իրավագետի պնդմամբ` ԱԺ կարգավիճակը հետ բերելու խնդիր չի լինի, ռազմական դրության ժամանակահատվածում էլ շարունակելու են մնալ պաշտոնակատար և անորոշ ժամանակով պաշտոնավարելու են մինչև ռազմական դրության վերացումը, որից հետո էլ միայն 60 օր անց թույլատրվում է անցկացնել ընտրություններ։
Նշենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ հայտարարվի ռազմական դրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը չեղարկվի։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։
Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը