ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր` մայիսի 14–ին, կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև մի շարք ներքին հանդիպումներ և խորհրդակցություններ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր նախագահի համար աշխատանքային հանդիպումների օր է, և օրվա կեսին օպերատիվ խորհրդակցություն կլինի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Համապատասխանաբար, տեղեկացնում ենք ձեզ այն թեմաների մասին, որոնք լինելու են օրակարգում»,- ասել է նա։
Պեսկովը հստակեցրել է, որ Պուտինն աշխատում է Նովո Օգարյովոյում և հիշեցրել, որ Ռուսաստանի նախագահն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։