ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հույս ունի այսօր ԱԺ արտահերթ հրավիրել` Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը։
Նրա խոսքով` իրենց նախաձեռնությունն այս պահին իրավական ընթացակարգերի փուլում է։
«Փաստաթղթավորում ենք, որ անցկացնենք նիստը։ Քննարկումները «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» հետ ընթացքի մեջ են։ Ամեն ինչ անում ենք, որ այսօր նիստ հրավիրվի։ Հույս ունենք, որ կստացվի»,– ասաց պատգամավորը։
Հիշեցնեն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ` մայիսի 13-ին, հայտարարել էր, որ հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ` Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ սահմաններում ստեղծված ճգնաժամային իրավիճակը քննարկելու նպատակով։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ու Իմ քայլը» խմբակցություններն առայժմ պաշտոնապես չեն արձագանքել ԲՀԿ-ի առաջարկին։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ