ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց շահագործման մասին առայժմ որոշում չի ընդունվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ստեփանակերտի օդանավակայանն այժմ տեխնիկապես հագեցած է և պատրաստ է շահագործման։ Բանակցությունները վարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Պարզ նպատակ է դրվում, որ մարդասիրական բեռները վայրէջք կատարեն Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասաց Բալասանյանը։
Առայժմ շահագործման մասին որևէ որոշում չի ընդունվել։
Իր հերթին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ օդանավակայանի գործարկումը գլխավոր հարցերից մեկն է մնում:
«Ես կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք», - նշեց Բաբայանը։
Նախարարը չի բացառում, որ ապագայում հնարավոր կլինի օդանավակայանն օգտագործել ուղևորատար չվերթերի համար, սակայն «այդ ուղղությամբ պետք է աշխատել»:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի վերջին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կսկսի աշխատել։
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն վերանորոգվել էր և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թ․-ին: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով դա տեղի չունեցավ։
Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին