Սև լճի, Վարդենիսի ու Սիսիանի ուղղություններով ադրբեջանական կուտակումները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ, այլ հարց է, որ վերջին երկու տեղանքներում ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման մասին ՊՆ-ն միայն այսօր խոստովանեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այդ մասին նաև հանրային դաշտով է բաց խոսվել` դեռ ամսի 5-ին, որ թշնամին ինչ-որ սադրանք է նախապատրաստում։ Այսինքն` այդ ամենը նախապատրաստված է եղել»,-նշեց նա։
Վրթանեսյանի խոսքով` օրերս Բաքվի բռնապետի` «Զանգեզուրի միջանցքին» ուժով տիրանալու մասին հայտարարությունն էլ ոչ թե նախորդել է այս սադրանքներին, այլ պարզապես հարմարեցվել նախապես պլանավորած գործողությանը։
«Քանի որ ՀՀ իշխանությունը ցանկացած դեպքում ՀՀ անվտանգության հարցերը լուծել չի կարող, Ալիևն ինչքան սիրտն ուզի` կարող է է՛լ ուլտիմատումներ ներկայացնել, է՛լ սպառնալ, է՛լ հոխորտալ, այդ թվում` Փաշինյանին անձնական վիրավորանքներ ուղղել, ինչը արել է և մարսել»,- ընդգծեց փորձագետը։
Նրա կարծիքով` Ալիևի ախորժակը շարունակելու է մեծանալ, նմանատիպ սադրանքների կամ ուժի կիրառմամբ նոր տարածքներ գրավել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի նախագահը համարժեք պատասխան չի ստացել։ Վրթանեսյանը համոզված է` Փաշինյանի իշխանությունն ամեն օր կործանում է Հայաստանը։
Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ