ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:
Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովոյի» և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա մեկնարկել է մայիսի 10-ին, այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: