ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կցանկանար հանդիպել և զրուցել թիմի նորանշանակ մարզչի` Ժոզե Մոուրինյոն հետ, որից հետո նոր կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Այս մասին գրում է 90min-ը։
Հենրիխ Մխիթարյանի ապագան հռոմեական ակումբում դեռ անորոշ է։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ լրանում է այս ամառ, իսկ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չկա։
Ինչպես արդեն հայտնել էինք, պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր պայմանագիր է կնքել և հիմա գլխավորում է իտալական «Ռոմա» ակումբը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Նշենք, որ երբ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», նա և Ժոզե Մոուրինյոն, որն այդ ժամանակ ՄՅՈւ–ի մարզիչն էր, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէին։
Դեռ հայտնի չէ, հայ ֆուտբոլիստն արդյոք մտնում է Ժոզե Մոուրինյոյի ապագա ծրագրերի մեջ, թե ոչ։ Ըստ միջազգային մամուլի, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, իսկ կոնկրետ նշվում են «Յուվենտուսն» ու «Զենիթը»։
Նշենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Մխիթարյանն իր ակտիվում ունի 10-ական գոլ և գոլային փոխանցում։