ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ցուցակները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև 2021թ–ի մայիսի 26-ը։
ԿԸՀ–ն այսօր կայացած նիստում հաստատեց ինչպես այս, այնպես էլ արտահերթ ընտրությունների անցկացման այլ միջոցառումների ժամանակացույցը։
Ինչպես նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ–ի կողմից տեղի կունենա մայիսի 26—ից 30—ն ընկած ժամանակահատվածում։
«Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են 2021թ–ի մայիսի 31-ին»,– ասաց Մուկուչյանը։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից ու կավարտվի հունիսի 18-ին, ժամը 24։00-ին։
Ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած ուժերը կկարողանան ինքնաբացարկ հայտնել մինչև հունիսի 10–ի ժամը 18։00–ն։
ՀՀ–ում չհաշվառված քաղաքացիները ևս կարող են ընտրողների ցուցակներում գրանցվելու դիմումներ ներկայացնել մինչև հունիսի 10–ի աշխատանքային օրվա ավարտը։
Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին, առավոտյան 08։00-ից մինչև 20։00։ Իսկ էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2021թ–ի հունիսի 11-ին և կավարտվի հունիսի 13-ին։
ԿԸՀ–ն հաստատել է նաև քարոզչական պաստառների տեղադրման կարգը։ Որոշման համաձայն` քաղաքական ուժերը գովազդային վահանակներին իրենց քարոզչական պաստառները փակցնելու հայտերը կարող են ներկայացնել գրանցման փաստաթղթերի հետ` մինչև մայիսի 26-ը։
«Նշեմ, որ 5 քմ–ը գերազանցող բոլոր վահանակներ տրամադրող կազմակերպությունները նախօրոք ներկայացնում են իրենց ազատ վահանակների ցանկերը, որոնց հիման վրա արդեն կուսակցությունները ներկայացնում են իրենց հայտերը։ Մենք հորդորելու ենք նշված կազմակերպություններին, որպեսզի նրանք մինչև մայիսի 22-ը ներկայացնեն իրենց ցանկերը»,– ասաց Մուկուչյանը։
Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021թ–ի մայիսի 26-ը։
Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։