ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներկրումն առաջիկայում մի փոքր կթանկանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացնելիս` հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ օրենքի փոփոխությունն ուղղված է տեղական ցեմենտի արտադրությունը խթանելուն ու մասնավորապես հայաստանյան արտադրողներից մեկին սնանկացումից փրկելուն։
«Անցած տարի արված փոփոխությունների արդյունքում «Հրազդանցեմենտը» արտադրության ծավալները 3 անգամ ավելացրել է, բայց վնասներն էլ է 3 անգամ ավելացրել։ Իրենց հարկային վնասը 900 մլն դրամից 2.2 մլրդ դրամի է հասել։ Եվ, ըստ էության, այն այսօր գտնվում է սնանկացման եզրին։ Այն առաջարկը, որին մենք համաձայնել ենք, չի փրկելու ընկերությանը»,– ասաց Քերոբյանը` նշելով, որ հարկավոր է այլ միջոց գտնել ընկերությունը փրկելու համար։
Հիշեցնենք` կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ցեմենտի տուրքը նախկինում գործող 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը, որն առ այսօր անվճար էր, սահմանել 9 000 դրամ` 1 տոննայի դիմաց:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, սակայն, կառավարության առաջարկը չեն ընդունել` մտավախությամբ, որ դա կարող է վնասել տեղական արտադրողներին։
Փոխարենը պատգամավորներն առաջարկում են տուրքերը թողնել նախկին չափերով ու երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, քանի որ այն արդեն ավարտվել է 2020թ–ի դեկտեմբերին ու հունվարի 1-ից թե՛ ցեմենտը, թե՛ կլինկերը դարձյալ ներկրվում են անվճար։
«Մենք համոզված ենք, որ ցեմենտի 25000 տուրքը փակելու է իրանական ցեմենտի մուտքը։ Իսկ կլինկերի 9000 տուրքի դեպքում «Շինցեմենտ» ընկերությունն ուղղակի դուրս է մղվելու շուկայից»,– ԱԺ նիստում կարծիք հայտնեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Ի դեպ, պաշտոնական թվերով` 2020 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության պատկերը հետևյալն է. 500 000 տոննա` «Արարատցեմենտ», 100 000 տոննա՝ «Շինցեմենտ», 100 000 տոննա՝ «Հրազդանցեմենտ», 200 000 տոննա՝ Իրանից ներմուծված ցեմենտ։
«Եթե ուզում ենք «Հրազդանցեմենտը» փրկենք, էկոնոմիկայի նախարարությունն ազատ է փրկության տարբեր ծրագրեր մշակելու հարցում, բայց դա չպիտի խանգարի մյուս ընկերություններին ու շուկայից դուրս թողնի ավելի փոքրերին»,– ասաց Թունյանը։
Պաշտոնական վիճակագրությունը հետաքրքական է նաև այն տեսակետից, որ Հայաստանում շինարարության ծավալները նվազել են, բայց ցեմենտի արտադրությունն աճել է։ Այս առիթով Թունյանը համոզմունք հայտնեց, որ նախկինում այս ոլորտում շատ մեծ ստվեր է եղել, որը կրճատվել է։
Այս դիտարկմանը համաձայնեց նաև Վահան Քերոբյանը, բայց չբացառեց, որ ոլորտում այսօր էլ ստվեր կա։
Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է
Այսպես, Հայաստանում ցեմենտի սպառման ծավալները 2018 թվականին կազմել են 727 300 տոննա, որից 546 300 տոննան արտադրվել է Հայաստանում, 181 000 տոննան` ներմուծվել: 2019 թվականին պետտուրքի բարձրացման արդյունքում Հայաստանում արտադրվել է 582 100 տ` աճելով 11.2%-ով, իսկ 2020-ին՝ 21%-ով։
Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը