ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Շրջանառվող լուրերը իբրև «Հայփոստում» կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը հայտնում են ընկերության գրասենյակից` հավելելով, որ հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։
««Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։ Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայտնում են, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ:
«Աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Հայփոստն» ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է հիմնում
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին հայտարարությունները հրապարակվում են «Հայփոստի» կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում:
Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից: